Ու՞ր մնաց հակակայսերական ավանդույթը

Ուղղափառ սատանիզմ

Ուղղափառ սատանիզմ
Մի քիչ անհամեստություն անեմ։ Մի երկու տարի առաջ հոդվածներիցս մեկում գրել էի, որ թերեւս հեռու չէ այն ժամանակը, երբ Ռուսաստանում հասունանա Ստալինին սրբացնելու առաջարկը (պահանջարկը վաղուց է առկա)։

Եվ ահա` վերջերս իմացա, որ այդ ժամանակն արդեն հասել է։ «Նովիե Իզվեստիա» թերթը նոյեմբերի 26-ի համարում հաղորդում է, որ Լենինգրադյան շրջանի Ստրելնա քաղաքի եկեղեցում տեղի վանահայրը տեղադրել է մի սրբապատկեր, ուր պատկերված է Ստալինը` «երանելի Մատրոնա Մոսկովսկայա»-ի հետ։ Վանահայր Եվստաֆիյը պնդում է, որ բացի Երկնավոր Հորից` Աստծուց, նա ունեցել է եւս երկու հայր` իր բուն ծնողին եւ Իոսիֆ Վիսարիոնովիչին։ Նա նաեւ չի հավատում, որ Ստալինը աթեիստ է եղել, եւ եկեղեցական արարողությունների ժամանակ հիշում է գեներալիսիմուսի անունը։ Չնայած հավատացյալների մի մասի դիմադրությանը` վանահայրը ունի նաեւ համախոհներ։ Այսպես, ըստ նույն թերթի, հանգուցյալ ավագ երեց Դիմիտրիյ Դուդկոն իր հոդվածներից մեկում գրել էր. «Այնքան ես ուզում վերջապես գոչել` «սուրբ եւ բարեպաշտ Իոսիֆ, բարեխոսի՛ր առաջին Աստծոյ վասն մերոյ»։ Միաժամանակ Սանկտ Պետերբուրգի կոմունիստները դիմել են Ռուսիո հայրապետին` Ստալինին սրբացնելու առաջարկով։ Ռուս Եկեղեցին լռում է` ո՛չ մերժում է, ո՛չ էլ համաձայնում է առաջարկին։ Մինչ այդ, սակայն, Ստալինի երկրպագուները արդեն պատրաստվում են նորահայտ «սրբի» մոտ 10.000 սրբապատկերներ տպել։ Նիկոլայ «մարտիրոս արքայի» տաճարի ավագ երեց Միխայիլ Արդովը ասում է, որ ռուսական հայրապետարանում ի զորու չեն կանգնեցնել այդ «սարսափելի ընթացքը»։ Արդովը, սակայն, կարծում եմ` իզուր է նյարդայնանում, քանի որ Ստալինը իրականում կարող է սրբացվել նույն տրամաբանության շրջանակներում, ինչ որ արյունոտ «մարտիրոս արքա» Նիկոլայը։ Իհարկե, Նիկոլայը պաշտոնապես քրիստոնյա էր, իսկ Ստալինը` աթեիստ։ Սակայն ստալինիստների ինտուիցիան նրանց ավելի ճիշտ ուղով է տանում։ Ռուսական «պրավոսլավիան», որն ունի բյուզանդական ակունքներ, հենց սկզբից կրողը չի եղել բուն քրիստոնեական արժեքների, այլ եղել է կայսրության գործիք, որի իրական գաղափարախոսությունը եղել է «դերժավնիկությունը»։ Այդ իմաստով, Ստալինը իրոք եղել է իսկական «ուղղափառ» անձնավորություն։

Ի՞նչ կապ ունի սա մեզ հետ։ Հայ Եկեղեցին 6-րդ դարից ի վեր պայքարել է քրիստոնեության բյուզանդական կայսերական աղավաղման դեմ, որի կորիզը Քրիստոսի «երկու բնությունների» մասին ուսմունքն է, որը եւ հնարավորություն է տալիս զարգացնել երկնայինից անկախ` երկրային արքայության` կայսրության եւ նրա գլուխ կայսեր պաշտամունքը։ Այսօր, սակայն, ո՛չ հայ հոգեւորականությունը, ո՛չ հայ չինովնիկությունը, ո՛չ էլ հայ մտավորականությունը կրողը չեն հայկական այդ հիմնարար հակակայսերական ավանդույթի։ Հակառակը` նրանց մեծամասնությունը այս կամ այն ձեւով դավանողներն են Ռուսաստանից ներկրված բյուզանդական գաղափարների` սկսած ջհուդամասոնական դավադրության մասին տեսությունից, մինչեւ «բազմաբեւեռ աշխարհ»։ Հայաստանյան մտավորականության զգալի մասը այսօր էլ իր վրա կրում է «պատրաստված է Իոսիֆ Ստալինի կողմից» կնիքը։ Այնպես որ, Հայաստանի անկախության համար պայքարողը այսօր էլ կարող է իր գլխավոր երկասիրությունը կոչել «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց»։

Ուստա Հրանտ

Tags for Ուղղափառ սատանիզմ

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter